Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մարտի 3-ին ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին՝ վերջինիս խնդրանքով: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հակոբ Տեր-Խաչատուրյանը ներկայացրել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների՝ օրերս Երեւանում եւ Ստեփանակերտում տեղի ունեցած խորհրդաժողովի աշխատանքի արդյունքները եւ 2020թ. ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի եւ Սեւրի դաշնագրի 100-ամյակի կապակցությամբ նախապատրաստվող միջոցառումներին:

Հանդիպմանը խոսվել է նաեւ Հայաստանի քաղաքական իրավիճակի, համահայկական օրակարգի խնդիրների եւ ազգային տարբեր ծրագրերի շուրջ համագործակցելու մասին։