Մենք պետք է հասկանանք, թե ինչ ժամանակներում ենք ապրում, եւ գիտակցենք, որ ոչ ստանդարտ իրավիճակում ենք: Այս մասին մարտի 4-ին ԱԺ նիստում Դատական օրենսգրքում բարեփոխումների փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
Անդրադառնալով դատավորների համար տարիքային շեմը 28-ից մինչեւ 25 նվազեցնելու հարցին՝ Գրիգորյանը, մասնավորապես, նշեց, թե ոչ ոք չի ասում, որ կենսափորձը կարեւոր չէ: «Բայց մենք պետք է հասկանանք, թե ինչ ժամանակաշրջանում ենք ապրում, եւ գիտակցենք, որ չունենք այն ստանդարտ իրավիճակը, որը կա շատ այլ երկրներում: Այս թվերը հաստատված են՝ ելնելով որոշակի իրողություններից, որոնք այսօր մեզ մոտ չկան: Հարցրեք ցանկացած փաստաբանի, թե նրան ովքեր է ավելի շատ գոհացնում՝ ավելի երիտասա՞րդ դատավորները, թե՞ ավագ սերնդի դատավորները: Չի կարող այնպիսի պատասխան լինել, որ նրանք գոհ են ավագ տարիքի դատավորներից: Չի կարող, քանի որ դա այդպես չէ»,- նշեց խորհրդարանականը:
Նշենք, որ Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթի համաձայն՝ առաջարկվում է փոխել Էթիկայի եւ կարգապահության հարցերով հանձնաժողովի անամների թիվը՝ հասցնելով մինչեւ 8 մարդու: Ընդ որում՝ նրանցից երկուսին առաջադրելու են երկրում գործող հասարակական կազմակերպությունները: Սակայն նրանք պետք է լինեն իրավաբան-գիտնականներ: Դրանից բացի, ենթադրվում է ստեղծել դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով՝ կազմված 5 մարդուց: Այն քննարկելու է դատավորների միջեւ գործերի տեղաբաշխման հարցերը, ողջամիտ ժամկետներում դրանց քննումը եւ դատավարության ժամանակ դատավորների վարքագծի հետ կապված հարցերը: Դրանից բացի, դատավոր դառնալու համար թեկնածուները պետք է անցնեն հոգեբանական թեստ: Դրա հետ մեկտեղ, նվազագույն տարիքը, որի դեպքում թույլ է տրվում գրանցել դատավորի թեկնածուներին, 28-ից կնվազեցվի մինչեւ 25: Առաջարկվող փոփոխությունները ներկայացնելիս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հավաստիացրեց, որ այն լայնորեն քննարկվել է եւ ուսումնասիրվել միջազգային մակարդակում ու ստացել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը:




























