«Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը, Երեւանի պետական համալսարանը եւ Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը համաձայնագիր են կնքել՝ Երեւանում կոսմոլոգիայի եւ աստղաֆիզիկայի համատեղ լաբորատորիայի ստեղծման մասին:

Համաձայնագիրը կյանքի կոչելու համար կառավարությունն այսօր՝ ապրիլի 21-ին որոշեց թույլատրել Ա. Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիային ստեղծելու հիմնարկներ, մասնաճյուղեր կամ ներկայացուցչություններ։

Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած տեղեկանքի համաձայն՝ Կոսմոլոգիայի եւ աստղաֆիզիկայի ինստիտուտը կարող է դառնալ տարածաշրջանում եզակի գիտական գերազանցության կենտրոն: Ինստիտուտի աշխատանքում առանցքային դեր կունենա կրթական բաղադրիչը, որն  արժեքավոր կլինի հաշվողական գիտության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների (հատկապես` գիտական տվյալների վերլուծության նոր եղանակների) ուղղությամբ: Ինստիտուտը հնարավորություն կունենա գործուն կերպով մասնակցել առնվազն երկու միջազգային ծրագրերի` PLANCK (European Space Agency-NASA, արբանյակն արձակվել է 2009թ. մայիսին, առաջին արդյունքները եղել են  2010թ. գարնանը) եւ Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի` «Meta-Institute for Computational Astrophysics» ծրագրերի աշխատանքներին: