Հայաստանի ոստիկանությունը «օրենքով գող» Ասլան Ուսոյանին («Դեդ Հասան») Երեւան գալու մասին տեղեկատվության չի տիրապետում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։

Հայաստանյան մամուլի տեղեկություններով, առաջիկա օրերին Հայաստան են գալու հանցաշխարհի վառ հեղինակությունները: Նախատեսվելիք «սխոդկայի» ժամանակ քննարկվելու է Հայաստանում «օրենքով գող» կարգելու հարցը: Ըստ նախնական տեղեկությունների, առաջադրվելու է նորադուզցի Ալիկ Բանդուրյանի թեկնածությունը: Չի բացառվում, որ գալու է նաեւ «Դեդ Հասանը»։

Աշոտ Ահարոնյանը նաեւ խորհուրդ տվեց տեղեկության իսկությունը ճշտել այն տարածող աղբյուրից։ Միաժամանակ նա նշեց, որ հաղորդագրությունը կարող է հետաքրքրել օպերատիվ ծառայություններին, որոնք համապատասխան քայլեր կձեռնարկեն։

«Ինչ վերաբերում է հանրապետությունում առկա օպերատիվ իրավիճակին, ապա կարող եմ հավաստիացնել, որ այն գտնվում է խիստ վերահսկողության ներքո»,- ընդգծեց Ահարոնյանը։