Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի շրջանների հեռավոր գյուղերը դատարկվում են: Վտանգավոր նախադեպ է հատկապես  սահմանային գյուղերից  բնակչության արտահոսքը:  Շիրակի մարզի Ամասիայի շրջանի Բերդաշեն համայնքը Ամասիայի ամենավերջին գյուղն է, որից այն կողմ այլեւս հարեւան Վրաստանի սահմանն է:

Ըստ գյուղացիների, վերջին 5 տարում բնակչության կեսը հեռացել է: «Գնում են Ռուսաստանի Դաշնություն, իսկ մեծ մասը Ջավախք, որտեղից ժամանակին եկել են: Պատճառը սոցիալ տնտեսական ծանր դրությունն է: Մարզկենտրոնից հեռու են եւ գյուղատնտեսական արտադրանքն իրացնելու սահմանափակ հնարավորություն ունեն եւ հետո հողագործությամբ զբաղվել գրեթե չեն կարող, քանի որ Բերդաշենը Կովկասի ամենացուրտ կետն է»,- NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ամասիայի շրջանի Բերդաշեն համայնքի ղեկավար Համբարձում Ախցխեցյանը:

Բնակչության թիվը,ըստ տեղաբնակների, վերջին 5 տարում կիսով չափ նվազել է: 1980-ականներից վերաբնակեցված գյուղը կրկին դատարկվում է: «Հայաստանի բոլոր գյուղերում էլ ապրելը դժվար է, բայց առավել բարդ է հեռավոր գյուղերում, ուր միայն գալիս են, խոստումներ տալիս ու հեռանում, իսկ գիտեք ինչ է նշանակում, որ սահմանային գյուղը դատարկվում է. Նշանակում է հայերն ինքնակամ հրաժարվում են ապրել այս գյուղում»,- ասում են բերդաշենցիները:

Համայնքը մարզկենտրոնից հեռու է, ճանապարհներն էլ երբեւէ չեն վերանորոգվել: Նշանակում է գյուղացին լուրջ խնդիր ունի արտադրանքն արտահանելու: «Մեր գյուղից Գյումրի ընդամենը 40 կիլոմետր է, կես ժամում կարելի է անցնել, բայց երկու ժամում ենք գնում: Գիտեք ինչեր է եղել, այդ ճանապարհին անգամ ծննդկան է մահացել»,- ներկայացրել  է Բերդաշենի գյուղապետը: