Հայաստանում ամենուր գործարարների խնդիրներն ընդհանուր են:  Փոքր ու միջին բիզնեսը չի զարգանում եւ դրա պատճառները շատ են` հարկային քաղաքականություն, ոլորտի մենաշնորհների նպատակաուղղված գործելաոճ, որի արդյունքում փոքրերն ուղղակի սնանկանում են:

«Թե ինչու՞ պատասխանը մեկն է, որովհետեւ փոքր բիզնեսին ոչ թե օգնում են, այլ խանգարում: Իսկ խանգարողները շատ են սկսած խոշոր գործարարներից, հարկահավքներից  մինչեւ ստուգող բազմաթիվ կազմակերպություններ»,- ասել է Վանաձորում կաթնաթթվային մանկական կերեր արտադրող «Կառա -Կարեն» ՍՊԸ ներկայացուցիչ Կարինե Ղուկասյանը` հավելելով, թե 2000թ.-ից մեծ դժվարությունների գնով սկսել են արտադրել: Գործունեության ավելի քան տասը տարիների ընթացքում զգալի ձեռքբերումների հասնել չեն կարողացել:

Կարինե Ղուկասյանի խոսքերով`«Կաթնամթերքի շուկայում գերիշխող դիրք ունեցող  ընկերությունները վարում են այն նույն քաղաքականությունը, ինչ խոշոր թռչնաֆաբրիկաները: Այսինքն, կաթի գինն արհեստականորեն բարձրացնում են, փոքր արտադրամասերը հասկանալի պատճառներով այլեւս չեն կարողանում այդ գնով հումք ձեռք բերել եւ իրենց արտադրանքը վաճառել նախկին գներով: Հետեւաբար հարկադրված պետք է դաշտը զիջեն ոլորտի մենատերերին»:

«Պետք է օգնեն, հատուկ պետական քաղաքականություն վարեն, որպեսզի գործարարները ստիպված չլինեն դադարեցնել գործունեությունը եւ հեռանալ արտերկիր, կոնկրետ օրինակներով՝  Վանաձորում փակվել են թխվածքի, կարի արտադրամասեր…»,- ասել է «Ռուզ-Դան» ՍՊԸ  տնօրեն Ռուզաննա Դանիելյանը, ով հիմնադրել  է  տղամարդկանց եւ կանանց հագուստների արտադրությամբ զբաղվող ընկերություն:

Նա ֆինանսական այնպիսի կացության մեջ է հայտնվել, որ Ռուզաննա Դանիելյանը իրավիճակից դուրս  գալու  միակ ելքը գտել է՝ փակել արտադրամսի դուռը, տուն ուղարկել ավելի քան 30 աշխատակցի եւ անժամկետ դադարեցնել գործունեությունը:

«Բարձր տոկոսադրույքով վարկեր, թանկարժեք հումք եւ արդյունքում արտադրանք, որը թեւվ որակապես, դիզայնով չի զիջում միջազգային ստանդարտներին, բայց եւ այնպես իրացման խնդիրներ կան, որովհետեւ արտադրանքի ինքնարժեքն է բարձր: Առաջարկներ այլ երկրներից ստացել եմ, ցանկության դեպքում կարող եմ նաեւ մեկնել , սակայն հիմա դեռեւս քայլեր եմ ձեռնարկում բիզնեսս փրկելու ուղղությամբ»,- ասել է Ռուզաննա Դանիելյանը: