Արցախի նախագահական ընտրություններում Հայաստանի իշխանության թեկնածուն Մասիս Մայիլյանն է։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
«Նրանց պետք է մարդ, որին կարողանան հրահանգել։ Ես կուզենայի, որ այն ուժերը, որոնք Արցախի համար աշխատել և աշխատում են, հասկանան, որ վաղ թե ուշ նրանք միասին ընդհանուր գործ պիտի անեն։ Արցախի հիմնախնդիրը պետք է չդառնա արկածախնդիր մարդկանց համար խաղալիք»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը։
Իսագուլյանը ավելացրեց, որ ինքը զարմացած է ՀՀ իշխանությունների վրա, որոնք գնում են Արցախ և ինչ-որ մարդկանց հայտարարում են թշնամիներ, իսկ ժողովրդին ասում են, թե ում ընտրեն։ Ըստ Իսագուլյանի, որոշ զինվորականեր շատ ակտիվ նախընտրական քարոզչություն են իրականացնում սոցցանցերում։
«Ես նրանց անունները կփոխանցեմ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և պաշտպանության բանակի հրամանատարին, որպեսզի պատժեն նրանց և աշխատանքից ազատեն։ Լինելով պաշտպանության բանակի ծառայողներ՝ Արցախի նախագահի հասցեին վերջին խոսքերն են ասում և պաշտպանում են Սամվել Բաբայանին»,- նշեց Իսագուլյանը։
Իսագուլյանի կարծիքով՝ այս ամենի հետևում «տակից աշխատող սորոսականներն» են, ինչը չի կարող վրիպել ռուսական ու իրանական հատուկ ծառայությունների աչքից։ Ըստ նրա, չի բացառվում, որ չեղարկվի ապրիլին Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան։ Իսագուլյանը նաև ավելացրեց, որ այսօրվա իշխանությունները չեն կարողանում և չգիտեն ինչպես պետք է երկիր ներկայացնել։ Նա օրինակ բերեց վարչապետի վերջին այցը Վրաստան։
«Ինչպես է Փաշինյանը կանգնում Վրաստանի զինանշանի տակ և Հայաստան ներկայացնում։ Ամբողջ աշխարհում ընդունված է՝ հյուրընկալվող երկրի ղեկավարը կանգնում է այն ամբիոնի վրա՝ որտեղ կամ իր երկրի զինանշանն է, կամ ընդհանրապես որևէ երկրի զինանշան չկա։ Դուք ձեր այդ հիմար գործողություններով վնասում եք ոչ միայն Հայաստանին, այլև Արցախի գոյությանը»,- ավարտեց Գառնիկ Իսագուլյանը։











