Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում անշարժ գույքի հարկման համակարգի վերանայման ուղղությամբ ներկայացված առաջարկները: Դրանք ներկայացվել են՝ հաշվի առնելով ավելի վաղ վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկումների արդյունքները:  Առաջարկությունները վերաբերել են բնակարանների, հասարակական, արտադրական տարածքների, ավտոտնակների, չկառուցված հողամասերի գույքահարկի դրույքաչափերին: Անդրադարձ է եղել գույքերի և տարածքների գնահատման մեթոդաբանությանը, դրույքաչափերի փոփոխությունների հնարավոր ազդեցություններին:

Նշվել է, որ առաջարկների նպատակն է բարձրացնել  հարկման հասցեականությունը: Պատասխանատուներն ընդգծել  են, որ փոփոխությունների արդյունքում ակնկալվում է հանրապետությունում  ներդնել  անշարժ գույքի արդյունավետ գնահատման ու հարկման համակարգ:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ներկայացված առաջարկությունների հիման վրա մշակել համապատասխան հայեցակարգ՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում հնչեցված դիտարկումներն ու կարծիքները: