Բրազիլիայի արտգործնախարարությունը վենեսուելացի դիվանագետներին իրազեկել է այն մասին, որ նրանք պետք է լքեն երկիրը, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Folha de S.Paulo-ն:
Ըստ պարբերականի` երկրի արտաքին գործերի նախարարության գրառման մեջ նշվում է, որ եթե դիվանագետներն ինքնուրույն չլքեն Բրազիլիան, ապա նրանց կարտաքսեն:
Բրազիլիայում ներկայումս 17 վենեսուելացի դիվանագետ կա: Բացի Բրազիլիայում դեսպանությունից, Վենեսուելան հյուպատոսություններ ունի Մանաուսեում, Ռիո դե Ժանեյրոյում, Բելենում, Սան Պաուլոյում, Ռեսիֆեում եւ Բաո-Վիստեյում:
Ավելի վաղ Antagonista պորտալը հրապարակել էր Բրազիլիայի արտգործնախարարության հրահանգը, որում նշվում էր, որ երկիրը հետ է կանչում դիվանագետներին եւ Վենեսուելայում իր առաքելությունների տեխնիկական կազմին: Բոլիվարիական Հանրապետությունում կմնա մեկ բրազիլացի դիվանագետ եւ դիվանագիտական իմունիտետի վարչության աշխատակիցներից մեկը, նշել է պարբերականը:
Վենեսուելայում իրավիճակը սրվել էր 2019-ի հունվարի 23-ից հետո, երբ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որի` խորհրդարանի խոսնակի պաշտոնում նշանակումը դրանից երկու օր առաջ Գերագույն դատարանը չեղյալ էր հայտարարել, իրեն գործող նախագահ հայտարարեց: Միացյալ Նահանգները նրան ճանաչեցին որպես պետության ժամանակավոր ղեկավար, նրանց միացան Լիմա Խմբի երկրները (բացառությամբ Մեքսիկայի), Ամերիկյան պետությունների կազմակերպությունը եւ ԵՄ երկրների մեծ մասը: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կատարվածը հեղաշրջման փորձ անվանեց եւ հայտարարեց ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: Նրան աջակցություն հայտնեցին Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը, Չինաստանը, Կուբան, Նիկարագուան, Սիրիան եւ Թուրքիան:





























