Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանն այսօր` ապրիլի 21-ին ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսի գլխավորած պատվիրակությանը:Հանդիպման օրակարգում ՀՀ ոստիկանության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ Համագործակցության մասին հուշագրի Լրացուցիչ արձանագրության ստորագրումն էր:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ալիկ Սարգսյանը անդրադարձել է ոստիկանության բարեփոխումների ծրագրի իրականացման ընթացքին: Ընդգծելով, որ ոստիկանությունը հաստատակամ է բարեփոխումները ողջ ծավալով եւ ժամանակին ավարտին հասցնելու գործում, Ալիկ Սարգսյանը բարձր է գնահատել գործընկերությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ եւ վստահություն հայտնել, որ բարեփոխումների առարկայական արդյունքը տեսանելի կլինի ամենամոտ ապագայում:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսն իր ելույթում նշել է, թե ըստ հարցումների արդյունքների՝ որոշ դրական փոփոխություններ ոստիկանության գործունեության մեջ ակնհայտ են, բայց դեռեւս պետք է զգալի աշխատանք կատարվի ցանկալի արդյունքին հասնելու համար: Սերգեյ Կապինոսը հավաստիացրել է, որ պատրաստակամ են խորացնելու համագործակցությունը բարեփոխումների վճռորոշ փուլում գտնվող ՀՀ ոստիկանության հետ, եւ աշխատանքը կշարունակվի արձանագրությամբ ամրագրված բոլոր ուղղություններով:
Հանդիպման ավարտին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը եւ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը ստորագրել են ոստիկանության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ Համագործակցության մասին հուշագրի Լրացուցիչ արձանագրությունը:





























