Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 21-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության ազգային բանկի նախագահ Նուտ Վելինկին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել Նիդերլանդների Թագավորության հետ մեր երկրի համագործակցությունը` կարեւորելով 1996-2010թթ. Նիդերլանդների կառավարության կողմից դրամաշնորհի տեսքով Հայաստանին ցուցաբերված շուրջ 41 միլիոն եվրոյի օժանդակությունը, նաեւ` Նիդերլանդների ազգային բանկի եւ ՀՀ կենտրոնական բանկի միջեւ ձեւավորված փոխգործակցությունը:
Նախագահի խոսքով, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի ենթախումբն արդեն 18 տարի նախագահող Նիդերլանդներն այդ տարիների ընթացքում զգալի աշխատանք է կատարել: Հայաստանը, լինելով այդ ենթախմբի անդամ պետություններից մեկը, արդյունավետ համագործակցություն է ունեցել ինչպես նախագահող երկրի, այնպես էլ ենթախմբի անդամ պետությունների հետ:
Նիդերլանդների ազգային բանկի նախագահ Նուտ Վելինկը նշել է, թե հաճույքով է հիշում 2007թ. Հայաստան կատարած իր առաջին այցը, որը մեր երկրի հետ համագործակցության զարգացման առումով բավականաչափ օգտակար է եղել: Նուտ Վելինկը եւս գոհունակությամբ է խոսել ԱՄՀ/ՀԲ Նիդերլանդների ենթախմբի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության մասին` ընդգծելով, որ այն միշտ գերազանց է եղել:





























