Ս-400 ՀՕՊ համակարգերը շահագործման կհանձնվեն ապրիլին, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցու է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության վերջին համակարգերի վաճառքը, որը ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում, սկսվել էր անցյալ տարվա հուլիսի կեսերից:

Չնայած նրան, որ Վաշինգտոնը պահանջել էր հրաժարվել գործարքից եւ փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգերը` սպառնալով հետաձգել կամ ամբողջությամբ չեղյալ հայտարարել վերջին Ֆ-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաեւ պատժամիջոցներ կիրառել CAATSA-ի համաձայն («Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին դիմակայելու մասին» օրենք), Անկարան հրաժարվել էր զիջումների գնալ:

Դեկտեմբերի կեսերին հայտնի էր դարձել, որ երկրորդ Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի վաճառքը Թուրքիային ռուս-թուրքական համատեղ արտադրություն եւ տեխնոլոգիաների փոխանցում է ենթադրում, իսկ նոր պայմանագրի ստորագրումը պետք է տեղի ունենա մինչեւ 2020 թվականի ապրիլ: