Ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշվելու Թուրքիայի ձգտումները նոր չեն, եւ նա փորձում է տարիներ շարունակ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
«Անկարան տարածաշրջանում ցանկացած լարվածություն փորձում է օգտագործել այդ հարցում առաջ գնալու համար, եւ Իդլիբի շուրջ իրադարձությունների վերջին զարգացումը հենց նման առիթներից էր»,- նշեց նա:
Փորձագետը պարզաբանեց, որ դա առաջին հերթին կարեւոր է Ադրբեջանին դաշնակցային աջակցության տեսանկյունից, երկրորդ հերթին, տարածաշրջանում ավանդական ապակառուցողական քաղաքականությունն առաջ տանելու տեսանկյունից:
«Ինչ վերաբերում է սահմանին լարվածությանը, ապա քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը ապակառուցողական պետություններ են, նման գործողությունները սպասելի են, եւ այստեղ կարելի է տեսնել Թուրքիայի «ձեռքը»»,- հավելեց Մելքոնյանը:
Նշենք, որ մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք, թողնելով զինամթերք եւ ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթեւ վիրավորում է ստացել մեկ զինծառայող:



























