Ադրբեջանի զինված ուժերի վերջին դիվերսիան տարածաշրջանում Թուրքիայի ակտիվության դրսեւորում է եւ ցանկություն ցույց տալ, որ, անհրաժեշտության դեպքում, Անկարան կարող է լայնածավալ գործողությունների հրահրել ադրբեջանցիներին: Այս մասին մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Ըստ նրա, դա տեղավորվում է Ռուսաստանի հետ դիվանագիտական խաղի տրամաբանության մեջ, այդ պատճառով էլ դիվերսիան կազմակերպվել էր Հայաստանի հետ սահմանին, այլ ոչ թե Ղարաբաղի հետ շփման գծում` հաշվի առնելով Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի առկայությունը: «Ստրատեգիական իմաստով, մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ձեռնտու է բոլորին, այդ թվում նաեւ` Թուրքիային, քանի որ դա յուրատեսակ լծակ է Անկարայի ձեռքին Մոսկվայի դեմ»,- ասաց նա:

Փորձագետը հիշեցրեց, որ դեռ 90-ականներից Թուրքիան փորձում է ցուցադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ակտիվորեն ներգրավվելու իր ձգտումը: «Սակայն դա նրանց չի հաջողվում, քանի որ Հայաստանը չի ճանաչում Անկարայի միջնորդությունը: Այս մասին գիտեն նաեւ հենց իրենք` թուրքերը, եւ ամբողջ ակտիվությունը, այդ թվում` ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպումները եւ հայտարարությունները, կապված է տարածաշրջանում իրենց ակտիվությունը ցուցադրելու հետ: Դա, ըստ էության, արեւելյան դիվանագիտության հնարքն է` հայտարարել շատ բանի մասին, որպեսզի այդ ֆոնին որոշակի դիվիդենտներ պոկել»,- եզրափակեց Սաֆրաստյանը:

Նշենք, որ մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք, թողնելով զինամթերք եւ ականորսիչ սարք:

Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթեւ վիրավորում է ստացել մեկ զինծառայող: