Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը, որը գտնվում է Հայաստանի հարավում, պարտավորվել է 70 հա անտառ տնկել: Այս մասին մարտի 9-ին ՀՀ Ազգային ժողովում լեռնահանքային մետաղագործության ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նախարարը պարզաբանեց, որ ձեռնարկության ղեկավարության հետ արդեն քննարկել են, թե որ տարածքներում են տնկվելու ծառերը: «Ծառերի մի մասը տնկվելու է գործարանին պատկանող Արծվանիկի պոչամբարի մոտ: Մեկ այլ մասը տնկվելու է Կապանի ներկայումս փակված Կավարտի պոչամբարի մոտ: Նախատեսվում է նաեւ ծառեր տնկել հենց քաղաքում»,- նշեց Գրիգորյանը:

Այդպես, նախարարի հավաստիացմամբ, նախատեսվում է նվազագույնի հասցնել այս գործարանի կողմից շրջակա միջավայրին հասցվող վնասը: Նա նաեւ նշեց, որ մինչ այժմ հանքարդյունաբերական ձեռնարկությունները բնապահպանական վճարներ են վճարում բյուջե: Այնուամենայնիվ, երկրի իշխանությունները որոշեցին հրաժարվել այս համակարգից` այն անարդյունավետ  համարելով:

Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ «Զանգեզուր» գործարանի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել՝  շրջակա միջավայրին հասցված վնասի համար: Դրանց թվում է 2019 թվականի հոկտեմբերին ամբարտակի փլուզումը, որի պատճառով Արծվանիկի պոչամբարից ջուրը հոսել էր Ողջի գետը: