Ամերիկյան զորքերը, ըստ ԱՄՆ-ի եւ թալիբների խաղաղ համաձայնագրի, զորքերի սկզբնական դուրսբերման շրջանակներում սկսել են հեռանալ Աֆղանստանից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ Քաբուլում քաղաքական քաոսի ֆոնին, որը սպառնում է գործարքին։
Հարյուրավոր զինվորականներ հեռանում են երկրից, ինչպես եւ պլանավորվել էր, քանի որ ԱՄՆ-ը երկրում իր զինվորականների թիվը կրճատելու եւ 13 000-ից 8600-ի հասցնելու պլաններ ունի, AP-ի հետ զրույցում ասել է պաշտոնյան։
Զորքերի դուրսբերումը տեղի է ունենում նախագահի պաշտոնում երկու աֆղանցի առաջնորդների երդմնակալության ֆոնին, ինչը բարդություններ է ստեղծում ԱՄՆ-ի համար։
Սեպտեմբերի նախագահական ընտրություններում հաղթող ճանաչված Աշրաֆ Հանիի եւ նրա հաղթանակը վիճարկող Աբդուլա Աբդուլայի միջեւ սրվող վեճը սպառնում է խափանել հետագա կարեւոր քայլերը եւ նույնիսկ սպառնում է վերաճել նոր բռնությունների։
Խաղաղ համաձայնագրով, ամերիկյան զորքերի դուրսբերումը պետք է սկսվեր փետրվարի 29-ին համաձայնագրի ստորագրումից 10 օր հետո։ Պաշտպանության նախարար Մարկ Էսպերը մարտի 2-ին հայտարարել էր, որ ինքն արդեն հավանություն է տվել զորքերի հեռանալու մեկնարկին։
Էսպերն ասել է, թե Քաբուլում ԱՄՆ հրամանատար, գեներալ Սքոթ Միլլերը կդադարեցնի զորքերի դուրսբերումը եւ կգնահատի պայմանները, երբ զորքերի թիվը նվազի մինչեւ 8600 մարդու։





























