Ես նախարարի պաշտոն ստանձնելու առաջարկ չեմ ստացել: Այս մասին մարտի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը` մեկնաբանելով ԶԼՄ-ներում կառավարությունում սպասվող կադրային տեղաշարժերի վերաբերյալ հայտնված տեղեկությունները:
Ըստ Պետրոսյանի` ինքը կատարում է իրեն վերապահված պարտականությունները եւ արդեն հերքել է այդ տեղեկատվությունը: «Մարտի 13-ից ես արձակուրդ կվերցնեմ` քարոզարշավին մասնակցելու համար»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Հայաստանում նշանակված է Սահմանադրության մեկ հոդվածի հանրաքվե: Իշխանություններն առաջարկել են վաղաժամկետ դադարեցնել Սահմանադրական դատարանի 7 եւ 9 անդամների լիազորությունները, այդ թվում՝ ՍԴ նախագահի, նրանց անվանելով նախկին «ռեժիմի» ներկայացուցիչներ: Փաստացի բոլոր քաղաքական ուժերը, բացի իշխող «Իմ քայլը» դաշինքից եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսից, հրաժարվել են այս գործընթացին մասնակցելուց՝ այն անվանելով, մեղմ ասած, իրավաբանորեն խոցելի: Պատասխանը հաստատական կհամարվի ոչ միայն քվեարկածների կեսի «ԱՅՈ» ասելու դեպքում, այլեւ ընտրացուցակների մեջ մտած ընտրողների ոչ պակաս քառորդ մասի, այսինքն՝ մոտ 650 հազար մարդու:




























