Սաուդյան Արաբիան անհրաժեշտություն չի տեսնում մայիս-հունիսին անցկացնել ՕՊԵԿ+ հանդիպումը, քանի դեռ դաշինքի անդամների միջեւ համաձայնություն չկա նավթի շուկայի կայունացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ: Այս մասին Reuters-ին հայտնել է թագավորության էներգետիկայի նախարար արքայազն Աբդել Ազիզ բեն Սալմանը:
«Ես իմաստ չեմ տեսնում մայիս-հունիսին անցկացնել հանդիպումը, որը միայն ցույց կտա մեր անկարողությունն ուշադրություն դարձնել այն բանին, ինչ մենք պետք է անեինք նման ճգնաժամի պայմաններում եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեինք»,- ասել է նա գործակալությանը:
«Ազատ շուկայում յուրաքանչյուր արտադրող պետք է ցույց տա իր մրցունակությունը, պահպանի եւ մեծացնի իր շուկայի մասնաբաժինը», - եզրափակել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Երեքշաբթի օրը Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ Ռուսաստանը եւ ՕՊԵԿ-ը պլանավորել են հերթական հանդիպումներ անցկացնել մայիս-հունիս ամիսներին` շուկայում իրավիճակը գնահատելու համար:
Անցյալ շաբաթ Վիեննայում կայացած բանակցությունների արդյունքներով` ՕՊԵԿ+-ի երկրները չեն կարողացել որոշում կայացնել նավթի արդյունահանման լրացուցիչ կրճատման վերաբերյալ՝ կորոնավիրուսով պայմանավորված պահանջարկի անկման պայմաններում: ՕՊԵԿ-ն առաջարկել է հետագա արդյունահանությունը կրճատել օրական 1.5 միլիոն բարելով մինչեւ այս տարվա վերջ: Սակայն Ռուսաստանն ու Ղազախստանը դեմ են հանդես եկել այդ առաջարկին:




























