Ջո Բայդենը հաղթել է Միչիգանում Դեմոկրատական կուսակցության փրայմերիզում` ստանալով առանցքային նահանգի ձայները, որը  չորս տարի առաջ իմպուլս էր հաղորդել ապստամբ թեկնածու Բեռնի Սանդերսին, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Նախկին փոխնախագահի հաղթանակը Միչիգանում, ինչպես նաեւ Միսուրիում եւ Միսիսիպիում, լուրջ հարված հասցրեց Սանդերսին, ով հուսահատորեն փորձում է ակտիվացնել իր թորշնած քարոզարշավը:

Սանդերսը դեռ կարող է կտրուկ առաջընթաց արձանագրել, երբ հայտնի կդառնան Այդահո, Հյուսիսային Դակոտա եւ Վաշինգտոն նահանգներում քվեարկության արդյունքները: Բայց այս նահանգներում խաղագծի վրա ավելի քիչ կուսակցական համագումարի պատվիրակներ կան, քան Միսիսիպիում, Միսուրիում եւ Միչիգանում, որտեղ Բայդենի համոզիչ արդյունքները ցույց տվեցին նրա պոպուլյարությունն աշխատավոր դասի եւ աֆրոամերիկացիների շրջանում, որոնք մեծ նշանակություն ունեն Դեմոկրատական կուսակցությունից որպես թեկնածու պաշտոնական առաջադրման պայքարում հաղթանակի համար:

Սանդերսը բացել է փրայմերիզների սեզոնը Այովա, Նյու Հեմփշիր եւ Նեւադա նահանգներում, բայց այնուհետեւ Բայդենը առաջ անցավ Հարավային Կարոլինայում եւ նախորդ «սուպեր երեքշաբթի» անսպասելի ջախջախիչ հաղթանակով ամրապնդեց իր հաջողությունը:

Սանդերսը ռեւանշի հույս ուներ Միչիգանում, որտեղ չորս տարի առաջ տարած հաղթանակը ծանր քաշ էր հաղորդել իրեն փրայմերիզում Հիլարի Քլինթոնի հետ դիմակայությունում:

Ելույթ ունենալով Ֆիլադելֆիայում տեղի ունեցած հանրահավաքին` Բայդենը Սանդերսի կողմնակիցներին խնդրել էր աջակցել իր ջանքերին: «Դուք մեզ պետք եք, մենք ուզում ենք ձեզ, եւ մեր քարոզարշավում տեղ կգտնվի ձեզանից յուրաքանչյուրի համար: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Բեռնի Սանդերսին եւ նրա համախոհներին` նրանց անխոնջ էներգիայի եւ խանդավառության համար: Մենք ունենք ընդհանուր նպատակ, եւ միասին մենք կհաղթենք Դոնալդ Թրամփին»,- ասել է Բայդենը:

Չնայած պայքարը գնալով ավելի կոնկրետ է դառնում, թեկնածուների քարոզարշավները նոր անորոշության առջեւ են կանգնում` կորոնավիրուսի հետ կապված մտահոգությունների պատճառով: Սանդերսը եւ Բայդենը հանկարծ չեղարկեցին Օհայոյի հանրային միջոցառումները, որոնք նախատեսված էին երեքշաբթի երեկոյան: Սանդերսի շտաբում հայտնել են, որ հետագա բոլոր միջոցառումների վերաբերյալ որոշումներն ընդունվելու են անհատական հիմունքներով, իսկ Բայդենը չեղյալ է հայտարարել Ֆլորիդայում նախատեսված կանգառը: Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն նաեւ հայտնել է, որ Սանդերսի եւ Բայդենի միջեւ կիրակի նախատեսված բանավեճը կանցկացվի առանց հանդիսատեսի:

.