Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հրաման է ստորագրել 1500 բանտարկյալ թալիբների ազատելու մասին՝ որպես բարի կամքի նշան ներաֆղանական բանակցությունները սկսելու համար, փոխանցում է AP-ն՝ հիշեցնելով, որ Միացյալ Նահանգների եւ թալիբների ստորագրած գործարքով նախատեսվում է մինչ երկար սպասված բանակցությունները մինչեւ 5 հազար բանտարկյալների ազատում:

Հրամանի համաձայն՝ ազատելու առաջին փուլը կանցկացվի տարիքի, առողջական վիճակի եւ պատիժը կրելու ժամկետի հիման վրա: Ազատված բանտարկյալները պարտավոր են գրավոր երաշխիք տալ, որ մարտադաշտ չեն վերադառնալու:

Մնացյալ 3500 բանտարկյալներն ազատվելու են ներաֆղանական բանակցությունները սկսվելուց հետո, իսկ եւս 500-ը՝ յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ, եթե «Թալիբանը» բռնության մակարդակը նվազեցնի:

ԱՄՆ Պետքարտուղարությունն ավելի վաղ հայտարարություն էր հրապարակել, որում նշված էր, որ բռնության մակարդակն «անընդունելի» է, եւ որ չնայած թալիբները Աֆղանստանի քաղաքներում դադարեցրել են հարձակումները ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ուժերի վրա, գյուղական բնակավայրերում բռնությունը շարունակում է բավակա բարձր մնալ:

Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ Աֆղանստանում «նախագահական ընտրական ճգնաժամը» ուշացրել է ազգային բանակցային թիմի ստեղծումը եւ ներաֆղանական բանակցությունների մեկնարկը, որոնք պետք է սկսվեին երեքշաբթի Օսլոյում:

Չնայած Քաբուլում քաղաքական քաոսին եւ բռնության աճին, Միացյալ Նահանգները ըստ փետրվարի 29-ին թալիբների հետ ստորագրած համաձայնագրի սկսել է իր զորքերի դուրսբերումը: Վաշինգտոնն առաջին փուլում իր զորակազմը կկրճատի մինչեւ 8600 մարդ:

Եթե թալիբները հետեւեն կիրենց պարտավորություններին, Վաշինգտոնը 14 ամսում դուրս կբերի իր զորքերի մնացած մասին: