ԱՄՆ Կոնգրեսում հայկական խնդիրներով զբաղվող կոնգրեսական խմբի նոր համանախագահ, կոնգրեսական Ռոյսը վերահաստատել է իր հետեւողական աջակցությունը Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին կայուն ֆինանսավորում տրամադրելու հարցում: Այս մասին նա հայտարարել է այս շաբաթվա սկզբին Ամերիկայի Հայկական Համագումարի Հարավային Կալիֆորնիայի տարածաշրջանային խորհրդի, ինչպես նաեւ Հոգաբարձուների խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը:

 «Ես տպավորված եմ Ռոյսի խորը գիտելիքներով եւ մեծ հետաքրքրությամբ  մեր հարցերի նկատմամբ»,- նշել է Ամերիկայի Հայկական Համագումարի անդամ Մարգարեթ Մգրուբլյանը:

Կոնգրեսական Ռոյսն իր խորին մտահոգություններն է հայտնել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների կապակցությամբ եւ շեշտել, որ կշարունակի կոնգրեսում մնալ ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հաստատուն կողմնակից:

Ռոյսն ընդունել է Համագումարի առաջարկությունն` անցկացնել համայնքային բրիֆինգ Կոնգրեսի օգոստոսյան դադարի ժամանակահատվածում:

Համագումարը սերտորեն կաշխատի իր գրասենյակի հետ օրակարգը եւ վայրը համաձայնեցնելու նպատակով: