Հայաստանում ինտերնետից օգտվում են գործնականում բոլոր տարիքային խմբերը՝ 4-ից մինչեւ 85։ Այս մասին հայտարարեց հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ անձի հոգեբանության եւ մասնագիտական գործունեության գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող Դիանա Սարգսյանը։

Նրա խոսքերով՝ լաբորատորիան «անձի հոգեբանական անվտանգություն» հասկացության լայն հետազոտություններ է կատարել։ Հարցն ուսումնասիրվել է մարդու գործունեության ինը հիմնական ոլորտներում ՝ հարաբերություններ ընտանիքում, աշխատանքային կոլեկտիվում, շրջապատում եւ այլն։ Ուսումնասիրման ոլորտներից մեկը կիբեռանվտանգության հարցն է՝ հոգեբանության տեսակետից, հայտարարեց Սարգսյանը։ Խոսելով հետազոտության արդյունքների մասին՝ նա տեղեկացրեց, որ մարդիկ սթրեսային վիճակում են հայտնվել ինչպես տեղեկատվության անբավարարության, այնպես էլ դրա ավելցուկի արդյունքում։ «Երկու դեպքում էլ մարդիկ հայտնվում էին զոհի կարգավիճակում»,- հայտարարեց նա։ Նույն հետազոտությունները ցույց են տվել, որ ինտերնետի հնարավորություններից իրենց ամենօրյա կյանքում օգտվում են բոլոր տարիքային խմբերը, առանց սահմանափակման՝ սկսած 4-5 տարեկանից, վերջացրած 85 տարեկանով։ «Բնականաբար, երիտասարդներն այդ տեխնոլոգիաներն ավելի հաճախ եւ ավելի ակտիվ են օգտագործում, սակայն այս կամ այն աստիճանով այդ տեխնոլոգիաները օգտագործվում են բոլոր խմբերի կողմից։ Չէ որ այսօր նույնիսկ հեռուստացույցները ինտերնետին միանալու հնարավորություն ունեն»,- նշեց հոգեբանը։