Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նոր միջոցներ մտցնելու մասին: Մասնավորապես՝ դադարեցվել է ցանկացած առեւտրային գործունեություն՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության իրերի խանութներից եւ դեղատներից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Մենք հասկանում ենք, որ պետք է աստիճանաբար գործենք, բայց հիմա եկել է եւս մեկ քայլ առաջ անելու ժամանակը: Հիմա մենք կարգադրել ենք բոլոր առեւտրային ձեռնարկությունները փակելու մասին՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության իրերի խանութներից եւ դեղատներից »,- հայտարարել է Կոնտեն:

Նրա խոսքով՝ իշխանությունները երաշխավորում են հիմնական ծառայությունները՝ ներառյալ հասարակական տրանսպորտի:

«Կարիք չկա անմիջապես վազելու սնունդի հետեւից: Մենք փակում ենք խանութները, բարերը, փաբերը, ռեստորանները, վարսահարդարման սրահները եւ գեղեցկության կենտրոնները: Հասանելի է մնում տուն տանելը»,- հավելել է նա:

Վարչապետը շեշտել է, որ միեւնույն ժամանակ աշխատանքը շարունակում են բանկերը, փոստերը, ապահովագրական եւ ֆինանսական ընկերությունները, ներառյալ «այդ հատվածների գործառնություններն ապահովող  գործունեությունը»:

«Փակվում են վարսահարդարման սրահները, գեղեցկության կենտրոնները: Գործարանները եւ արտադրություններն աշխատելու են իրենց աշխատակիցների անվտանգության միջոցների պահպանման դեպքում»,- ասել է Կոնտեն:

Կառավարությունում աղբյուրները լրագրողներին հայտնել են, որ նշված բոլոր միջոցները գործողության մեջ են դրվելու մինչեւ մարտի 25-ը: