ԱՄՆ իշխանությունները վարկեր կտրամադրեն կորոնավիրուսից տուժած փոքր եւ միջին բիզնեսին, ամերիկացիներին ուղղված ուղերձում ասել է Նախագահ Դոնալդ Թրամփը: ԱՄՆ նախագահի ուղերձը հեռարձակվել է հեռուստատեսությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես կարգադրել եմ, որպեսզի փոքր բիզնեսի հարցերով վարչակազմը ֆինանսական աջակցություն տրամադրի կորոնավիրուսից տուժած ընկերություններին»,- ասել է նա:
Նրա խոսքով` վարչակազմն «անմիջապես կսկսի տուժած ընկերություններին ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրել, ինչը նրանց թույլ կտա հաղթահարել վիրուսի պատճառով առաջացած ժամանակավոր տնտեսական դժվարությունները»:
Այս կապակցությամբ Թրամփը Կոնգրեսից մոտ 50 միլիարդ դոլար է խնդրել` որպես փոքր բիզնեսին աջակցության բյուջեի լրացում:





























