Իրանի իշխանությունները Արժույթի միջազգային հիմնադրամից 5 միլիարդ դոլարի օգնություն են խնդրել են` երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար: Al Arabiya հեռուստաալիքի համաձայն` այս մասին հինգշաբթի հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ԱՄՀ-ից 5 միլիարդ դոլար ենք խնդրել` կորոնավիրուսին դիմակայելու համար»,- ասել է Զարիֆը:

Ավելի վաղ, Իրանի արտգործնախարարը Twitter-ի իր էջին գրել էր, որ Իրանի Կենտրոնական բանկը մուտքի թույլտվություն է խնդրել դեպի ԱՄՀ միջոցներ, որոնք նախատեսված են կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

«ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան հայտարարել է, որ կորոնավիրուսից տուժած երկրները ֆինանսական աջակցություն կստանան Արագ ֆինանսավորման գործիքի միջոցով (RFI): Մեր կենտրոնական բանկն անմիջապես մուտքի թույլտվություն է պահանջել դեպի այս մեխանիզմև»,- նշել է նա: Զարիֆը «ԱՄՀ վարչությանը կոչ է արել հետեւել իրեն տրված մանդատին, լինել պատմության ճիշտ կողմում եւ պատասխանատու գործել»:

Չորեքշաբթի օրը Գեորգիեւան հայտարարել էր, որ ԱՄՀ-ն պատրաստ է 50 միլիարդ դոլարի շտապ օգնություն տրամադրել ամենաքիչը բարեկեցիկ եւ զարգացող երկրներին աջակցության համար` նոր կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության բռնկման դեմ պայքարում: