Բացահայտված սեքսուալ սկանդալի «գլխավոր հերոս», ԱՄՆ սենատոր, հանրապետական Ջոն Էնսայնը հայտարարել է, որ հրաժարական է ներկայացնում։ Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, 2009թ. սենատոր Էնսայնը խոստովանել է, որ արտամուսնական կապի մեջ լինելով Սինթիա Հեմփթոնի հետ, աջակցել է սիրուհու ամուսնուն՝ Դուգլաս Հեմթոնին, Նեւադա ընկերությունում լոբբիստական աշխատանք գտնելու ուղղությամբ։
Էնսայնը հայտարարել է, որ հրաժարականից հետո, այլեւս չի առաջադրի թեկնածությունը ամերիկյան Սենատի ընտրություններում, որը կայանալու է 2012թ.-ին։
Էնսայնը հայտարարել է, թե այսօր իսկ նամակ է ուղարկելու փոխնախագահ Ջո Բայդենին` տեղեկացնելով իր հրաժարականի մասին:
«Թեեւ ես վստահ եմ, որ չեմ խախտել որեւէ օրենք եւ Սենատում վարքի որեւէ կանեն, ես պայքարել եմ, որ ապացուցեմ դա հրապարակայնորեն: Սակայն ես չեմ կարող ենթարկել իմ ընտանիքը, իմ ընտրողներին եւ սենատին հետագա փորձությունների` հետաքննության, ձգձգվող դատաքննությունների տեսքով»,- նշել է Էնսայնը:
Հիշեցնենք, որ Ջոն Էնսայնը Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերի համահեղինակներից է։ Նա նաեւ մի քանի այլ սենատորների հետ դիմել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով։





























