Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ինքնամեկուսացել է այն բանից հետո, երբ նրա կնոջ՝ Սոֆի Գրեգուար-Թրյուդոյի մոտ մրսածության ախտանիշներ են հայտնվել Բրիտանիա ուղեւորությունից հետո, հայտնում է BBC-ն։
Այժմ Կանադայում կորոնավիրուսով վարակման 103 հաստատված դեպք կա։
Չորեքշաբթի երեկոյան Սոֆի Գրեգուար-Թրյուդոն վերադարձել է Լոնդոնից, եւ նրա մոտ մրսածության նշաններ են ի հայտ եկել, այդ թվում՝ բարձր ջերմություն։ Վարչապետի կինը կորոնավիրուսի թեսթ է անցել, եւ մինչ արդյունքները պարզ կլինեն Թրյուդո ամուսինները տնից դուրս չեն գա։ Թրյուդոյի մոտ հիվանդության նշաններ չկան, նա բժիշկների հսկողության տակ է գտնվում, իսկ տնից աշխատելը կանխարգելիչ միջոց է, ասվում է վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։
Սրա հետ կապված՝ չեղարկվել են Ջասթին Թրյուդոյի հանդիպումները կանադական մարզերի վարչապետների եւ Առաջին ազգությունների (երկրի աբորիգեն բնակչությունը) առաջնորդների հետ։
Մարզերի վարչապետների հետ նա հեռախոսով կխոսի։ Խոսակցության թեման կլինի հիվանդության տարածման դեմ պայքարը։ «Վարչապետը տնից կանցկացնի ճեպազրույցներ, հեռախոսազրույցներ եւ վիրտուալ հանդիպումներ,- ասվում է հայտարարության մեջ,- Այդ թվում՝ նա կխոսի այլ համաշխարհային առաջնորդների հետ եւ կմիանա Covid-19-ին նվիրված կառավարության հատուկ խորհրդակցությանը»։





























