Իրանի չորս քաղաքացիներ, որոնք 2009թ. փախել էին Մեծ Բրիտանիա իշխանությունների կողմից ընդդիմության ցույցերի ճնշումից հետո, հացադուլ են հայտարարել եւ թելով կարել բերանները` ի նշան բողոքի իրենց Թեհրան վտարելու բրիտանական կառավարության որոշման:

Ինչպես հայտնում է Guardian-ը, չորս իրանցիները, որոնցից մեկը 17-ամյա դեռահաս է, հաց չեն կերել արդեն 16 օր: Նրանք ասում են, թե երբեք չեն վերադառնա Թեհրան, որտեղ իրենց ծեծել, կտտանքների եւ բռնությունների են ենթարկել հակակառավարական ցույցերից հետո:

«Մեծ Բրիտանիայում մեզ ոչ ոք չի լսում: Մենք կարել ենք մեր բերանները, քանի որ այլընտրանք չունենք»,- ասել է 32-ամյա Քեվին Բահրին:

2009թ. Մահմուդ Ահմադինեժադի ընտրությունից հետո զանգվածային բողոքներ սկսվեցին, եւ իրանական ուժերը դաժանաբար ճնշեցին ցույցերը: Շատ իրանցիներ փախել են արտերկիր: