Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) գեներալ Նասեր Շաաբանին մահացել է կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Tasnim-ը:

Նշվում է, որ զինվորականը 37 տարի ծառայել է ԻՀՊԿ-ի շարքերում: Հիվանդության ընթացքի մասին մանրամասները չեն հաղորդվում:

Իրանի Առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հաղորդել էր երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին: Վարակվածները հայտնաբերվել էին Կում քաղաքում: Համաձայն վերջին պաշտոնական տվյալների` հանրապետությունում դեպքերի թիվը 11 հազար 364 է, գրանցվել է առնվազն 514 մահվան դեպք:

Հիվանդությունը հայտնաբերվել էր նաեւ Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտ, այդ թվում նաեւ` Իրանի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի, զբոսաշրջության, մշակութային ժառանգության եւ արհեստների նախարար Ալի Ասգար Մյունեսանի եւ առևտրի, արդյունաբերության եւ հանքերի նախարար Ռեզու Ռահմանիի: Բացի այդ, դրական են եղել երկրի Մեջլիսի (պառլամենտ) 23 պատգամավորի կորոնավիրուսի առկայության թեստերի արդյունքները: Ընդ որում, նրանցից երկուսը՝ ընտրված պատգամավոր Ֆաթեմա Ռահբարը եւ Մեջլիսի ներկայիս անդամ Մոհամմադ Ալի Ռամազանին, հիվանդությունից մահացել են: