Դոլարի թանկացումը ստիպել է բնակչությանը՝ ավելի շատ դոլարներ վաճառել։ Նման եզրահանգման կարելի է գալ Կենտրոնական բանկի հրապարակած շաբաթական ամփոփ տվյալների հիման վրա։

Այսպես՝ այս շաբաթ՝ ապրիլի 18-22-ին ընկած ժամանակահատվածում բանկերը բնակչությունից գնել են 67,5 մլն դոլար՝ մոտ 1,5 անգամ ավելի, քան նախորդող շաբաթներին։ Սակայն նշենք, որ այս ցուցանիշը բնավ էլ ռեկորդային չէ։ Այս տարի բանկերի համար առավել բարենպաստ շաբաթը եղել է փետրվարի վերջին, երբ նրանք կարողացել են փոխանակման կետերի միջոցով գնել 75 մլն դոլար։

Այնուամենայնիվ՝ դոլարի առաջարկի աճը կարելի է դիտարկել այն գործոններից մեկը, որը նպաստեց վերջին օրերին դոլարի արժեզրկմանը հայկական շուկայում։

Սակայն նշենք, որ դոլարի նկատմամբ բարձր պահանջարկը դեռեւս պահպանվում է։ Այս շաբաթ բանկերը փոխանակման կետերի ու մասնաճյուղերի միջոցով վաճառել են մոտ 76 մլն դոլար, այսինքն՝ ավելի շատ, քան կարողացել են գնել։

Ապրիլը ֆինանսական շուկայում առանձնանում է ոչ միայն փոխարժեքային տատանումներով, այլեւ դոլարային վարկերի նկատմամբ պահանջարկի կտրուկ անկմամբ։ Այսպես՝ ապրիլի 11-17 ժամանակահատվածում բանկերը տրամադրել են 33,3 մլն դոլարային վարկ՝ ամենացածր ցուցանիշներից մեկը 2011 թ.։ Փոխարենը՝ աճ է արձանագրվում դրամային վարկերի մասով։ Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 11-17-ին տրամադրվել է 23,7 մլրդ դրամային վարկ (համարժեք է 64 մլն դոլարին), որը 40 տոկոսով գերազանցում է դրան նախորդող շաբաթվա ցուցանիշին։

Հավանաբար՝ այստեղ դեր է խաղում գյուղատնտեսական վարկերի ծավալների ավելացումը։ Նշենք, որ կառավարությունը սուբսիդավորում է  գյուղատնտեսությանը հատկացվող դրամային վարկերը։