Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, շարունակվում են ստուգայցերը մայրաքաղաքի մանկապարտեզներ, որոնց արդյունքում երկու մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցերի նպատակը մանկապարտեզներում սննդի անվտանգության, սննդակարգի, սանիտարահիգենիկ պայմանների, երեխաների հաճախելիության, ինչպես նաեւ ուսումնադաստիարակչական աշխատանքների որակն  ուսումնասիրելն է:

Ապրիլի 11-ին Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 125 մանկապարտեզում ստուգայցի ժամանակ հայտնաբերվել են սննդի անվտանգության նորմերի, սննդակարգի եւ ճաշացանկի կոպիտ խախտումներ: Հիմք ընդունելով արձանագրված կոպիտ խախտումները` վարչական շրջանի ղեկավարի հրամանով թիվ 125 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Շահբաթյանը հեռացվել է աշխատանքից:

Ապրիլի 18-ին անակնկալ այցելություն է կատարվել Երեւանի թիվ 152 մանկապարտեզ: Պարզվել է, որ տվյալ օրվա համար տնօրենը ներկայացրել է 107 երեխայի հաճախում, մինչդեռ այցելության պահին մանկապարտեզում ներկա է եղել  72 երեխա: Տնօրենը, փաստորեն, 35 երեխայի ավել թիվ է ներկայացրել:

Բացի այդ, «Ճկուն համակարգով երեխայի հաճախման մատյանը» դրված չի եղել գործածության մեջ: Երեխաների բացակայությունը որեւէ փաստաթղթով չի հիմնավորվել:

Ապրիլի 14-ին եւ 15-ին մանկապարտեզի միջին խմբում երեխաների հաճախման մատյանում երեխաների հաշվառում չի կատարվել:

Հիմք ընդունելով արձանագրված խախտումները, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի հրամանով թիվ 152 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Իրինա Աղաբեկյանը  հեռացվել է աշխատանքից: