Հայաստանն ապրիլի 23-ին կշարունակվի գտնվել ցիկլոնի ուժեղ ազդեցության ներքո, ինչով պայմանավորված՝ հանրապետության  ողջ տարածքում սպասվում են ինտենսիվ տեղումներ։ NEWS.am-ի թղթակցին այս մասին հայտնեց «Հայպետհիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Ապրիլի 24-26-ին ցիկլոնի ուժը որոշակիորեն կթուլանա, ինչի հետեւանքով տեղումները կլինեն  գիշերը եւ օրվա երկրորդ կեսին։ Վաղվանից սառը օդային  հոսանքները որոշակիորեն կնահանջեն՝ իրենց տեղը զիջելով հարավից ներթափանցած տաք արեւադարձային օդային  հոսանքներին։ Սրանով պայմանավորված՝ ապրիլի 23-ից 26-ը հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա +6 +8 աստիճանով, իսկ արեւելյան շրջաններում՝ Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում՝  +13+15 աստիճանով, այսինքն՝ ապրիլի 24-ին եւ 25-ին կգրանցվի +22 +24 աստիճան տաքություն»,- ասաց Սուրենյանը՝ընդգծելով, որ ապրիլի 24-ին Երեւանում օրվա առաջին  կեսին  տեղումներ չեն լինի, սակայն երեկոյան ժամերին հնարավոր է անձրեւ եւ ամպրոպ։