Սիրիայի տարբեր քաղաքներում հակակառավարական ցույցերի մասնակիցների եւ ոստիկանության ապրիլի 22-ին տեղի ունեցած բախումների արդյունքում մահացել է մոտ 10 մարդ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով EFE գործակալությանը, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում մահացել է 3 մարդ, եւս մեկը մահացել է Հոմս քաղաքում։ Al-Jazeera-ի համաձայն, եւս 7 մարդ մահացել է երկրի հարավում գտնվող Իզրաա բնակավայրում տեղի ունեցած բախման արդյունքում։
Նշենք, որ այսօր Սիրիայի խոշոր քաղաքներում հակակառավարական ցույցեր են կազմակերպվել, որոնց մասնակցել է մի քանի տասնյակ հազար մարդ։ Սիրիայի անվտանգության ուժերը ընդդիմության դեմ կիրառել են հրազեն եւ արցունքաբեր գազ։
Սիրիայի հյուսիսային Խամա քաղաքում իրավապահները ցուցարարների դեմ հրազեն են կիրառել, որպեսզի կանխեն հակակառավարական ցույցի մասնակիցների երթը, դեպի «Բաաս» կուսակցության կենտրոնական գրասենյակ։





























