Հայաստանում այլընտրանքային պատիժ կրող 23 անչափահաս դատապարտյալների ապրիլի 22-ին տարել են Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անչափահասներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, շրջել թանգարանի սրահներով, ուշադրությամբ դիտել ցուցադրված նկարները, Եղեռնի մասին պատմող տեսանյութերը:
Անչափահասները մեծ հետաքրքրությամբ ունկնդրել են թանգարան-ինստիտուտի աշխատակցի ամփոփ մեկնաբանությունները հայ ժողովրդի պատմության ամենածանր էջերի մասին: Ճանաչողական այցից հետո անչափահաս դատապարտյալները իրենց գրառումներն են թողել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում:



























