Կիրակի՝ մարտի 15-ին, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ներկայացել են համատեղ հայտարարությամբ Սիրիայի հարցի շուրջ այդ երկրում քաղաքացիական պատերազմի մեկնարկից իներորդ տարելիցի կապակցությամբ: Ասադի ռեժիմը, ինչպես ասված է տեքստում, պետք է ենթարկվի պատասխանատվության իր կողմից կատարված վայրենությունների համար, հաղորդում է DW-ը:

Ռուսաստանի եւ Իրանի աջակցությամբ սիրիական ռեժիմի ռազմական հարձակումը հանգեցնում է միայն հետագա տանջանքների եւ աննախադեպ հումանիտար ճգնաժամի:

Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան պահանջում են Դամասկոսից կատարել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2254 բանաձեւը. հայտարարել համազգային հրադադար, անցկացնել սահմանադրական բարեփոխումներ, ազատ արձակել հարկադրաբար ձերբակալված անձանց եւ անցկացնել ազատ ընտրություններ: Սիրիայում իրավիճակի կարգավորման գործընթացի դոնոր երկրները պատրաստ են դիտարկել երկիրը վերականգնելու համար հումանիտար աջակցության մասին հարցը միայն այն ժամանակ, երբ կսկսվի անդառնալի, վստահություն ներշնչող, իրական քաղաքական գործընթաց:

Հայտարարությունը հիշեցնում է, որ ինը տարի առաջ տասնյակ հազարավոր սիրիացիներ դուրս էին եկել փողոց պետական կոռուպցիայի դեմ բողոքելու, իրենց արժանապատվությունն ու մարդու իրավունքները պաշտպանելու, իսկ իշխանությունը պատասխանել էր ագրեսիայի, խոշտանգումների եւ բռնության միջոցով: Ասադի՝ իր իշխանությունը պահպանելու պայքարի հետեւանքով Սիրիայի բնակչության շուրջ կեսը՝ 11 միլիոն մարդ, ստիպված էր լքել իր տունը, ավելի քան կես միլիոն սիրիացի սպանվել էր, նշված է երկրների համատեղ հայտարարության մեջ:

Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան նշում են, որ Ասադը պետք է դադարի անխնա սպանությունները, ընդունի սիրիացի ժողովրդի կամքն ու չարդարացնի բռնությունը եւ ահաբեկչության դեմ պայքարում միջազգային իրավունքի զանգվածային խախտումները: