Կորեացի գիտնականները բժշկական դիմակների համար հայտնագործել են նոր ոչ գործվածքային ֆիլտրող նյութ, որը կարելի է լվանալ եւ ախտահանել։ Այն կարող է դիմանալ առնվազն 20 լվանալուն, գրում է Գիտությւան եւ տեխնոլոգիաների ինստիտուտի մամուլի ծառայությունը (KAIST), հայտնում է ՏԱՍՍ-ը։
Փորձարկումների ժամանակ նյութը դիմացել է 20 անգամ լվանալուն, ավելի քան 4000 ցիկլ քամելուն եւ ձգելուն, ինչպես նաեւ էթիլային սպիրտի մեջ երեք ժամ ընկղմելուն՝ չկորցնելով իր ֆիլտրող հատկությունները։ Սա խոսում է այն մասին, որ նյութը կարելի է օգտագործել բազմանգամյա օգտագործման բժշկական դիմակներ պատրաստելու համար։
Հայտնագոծողների խոսքերով՝ նոր նյութից դիմակը առնվազն մեկ ամիս կարելի է օգտագործել։
Նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումը Կորեայի հանրապետությունում հանգեցրել է դիմակների դեֆիցիտի՝ ստիպելով իշխանություններին դրանց բաշխման համակարգ ներդնել։ Երկրում հայտարարված միջոցառումների համաձայն, քաղաքացիները կարող են շաբաթական որոշակի օրերի ձեռք բերել միայն երկու դիմակ, սակայն դրանք, միեւնույն է, չեն բավականացնում։





























