Թել Ավիվում Հայաստանի դեսպանության բացումը հակասում է պաղեստինյան ժողովրդի շահերին։ Այս մասին հայտարարել է իրանական խորհրդարանի խոսնակի միջազգային հարցերով հատուկ օգնական Հուսեյն Ամիր Աբդոլահյանը, հայտնում է Mehr-ը։

Նա դատապարտել է իր դեսպանությունը Թել Ավիվում բացելու Հայաստանի կառավարության որոշումը եւ այդ քայլն անվանել է «պաղեստինյան ժողովրդի շահերին հակասող»։ Նա Երեւանի այդ որոշումն անվանել է «անսպասելի» եւ հավելել է․ «Անկասկած, այդ քայլը հակասում է պաղեստինյան ժողովրդի շահերին եւ բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանի կայունության եւ անվտանգության վրա»։

Նա հղում է կատարել իսլամական երկրների դիրքորոշումներին եւ պաղեստինյան ժողովրդի իրավունքների իրականացման անհրաժեշտությանը եւ վճռականորեն դատապարտել է արաբական ու ոչ արաբական երկրների միջեւ կապերի նորմալացումը «ռասիստական իսրայելական ռեժիմի հետ»։

Նրա խոսքերով՝ Թեհրանի եւ Երեւանի միջեւ բարեկամական հարաբերությունները տարածաշրջանում կայունության եւ անվտանգության կարեւոր գործոն են հանդիսանում։ «Հույս կա, որ Հայաստանի կառավարությունը կվերանայի իր որոշումը եւ ճնշման ենթարկված պաղեստինյան ժողովրդին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության սեպտեմբերի 19-ի նիստում հնարավորինս կարճ ժամկետում (2019-ի վերջ-2020-ի սկիզբ) Թել Ավիվում դեսպանություն բացելու որոշում էր ընդունվել։