ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նախազգուշացրել է Չինաստանին, որպեսզի նա «ապատեղեկատվություն չտարածի նոր կորոնավիրուսի մասին»։

Ինչպես հայտնում է Պետդեպը, ՉԺՀ արտաքին քաղաքական բարձրաստիճան պաշտոնյա Յան Ցզեչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում Պոմպեոն հանդես է եկել «COVID-19-ի մեղքը Միացյալ Նահանգների վրա գցելու» Չինաստանի փորձերի դեմ «լուրջ առարկություններով։

Պոմպեոն «ընդգծել է, որ հիմա ապատեղեկատվություն եւ վայրենի լուրեր տարածելու ժամանակը չէ, ավելի շուտ այն ժամանակն է, երբ բոլոր երկրները պետք է միավորվեն այդ ընդհանուր սպառնալիքի դեմ պայքարում»։

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը անցյալ շաբաթ իր թվիթներում ենթադրել էր, որ գլոբալ համավարակի «զրոյական պացիենտը», հնարավոր է, եկել է Միացյալ Նահանգներից, ոչ թե չինական Ուհան մեգապոլիսից, որտեղ առաջին անգամ գրանցվել են հիվանդության դեպքերը։

Պոմպեոն ինքը ձգտել է կապել Չինաստանը գլոբալ համավարակի հետ՝ բազմիցս SARS-CoV-2-ը անվանելով «Ուհանի վիրուս»՝ չնայած առողջապահության մասնագետների խորհուրդներին, որ այդպիսի աշխարհագրական նշումները կարող են խարանի պատճառ դառնալ։

Գիտնականները կասկածում են, որ վիրուսն առաջին անգամ հայտնվել է Ուհանի մսի շուկայում , որտեղ հազվագյուտ կենդանիների են մորթել։