Ճապոնիայի կառավարությունը մտադիր է Իրանին 2.5 միլիարդ իեն (մոտ 23,5 միլիոն դոլար) հատկացնել. տրամադրված դրամական միջոցները կօգնեն աջակցել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին, երեքշաբթի հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Մոտեգի Տոսիմիցուն:
«Իրանում վարակվածների թիվը մոտենում է 15 հազարի, ինչը ամենախոշոր երրորդ ցուցանիշն է աշխարհում` Չինաստանից եւ Իտալիայից հետո: Վիրուսի տարածումը մեծ մտահոգություն է առաջացնում ողջ միջազգային հանրության մոտ»,- նշել է նա մամուլի ասուլիսին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով NHK-ն:
Ճապոնիայի արտգործնախարարը նաեւ շեշտել է, որ Իրանում կարող է «տեխնոլոգիական համագործակցության, ինչպես նաեւ բժշկական աշխատողների, հիվանդանոցների, կարանտինային բազաների եւ այլ վայրերի նյութական աջակցության անհրաժեշտություն լինել»:
Ըստ Մոտեգիի, այդ գումարը կհատկացվի 15.5 միլիարդ իենից (145.6 միլիոն դոլար), որը Ճապոնիան նախատեսում է ուղարկել միջազգային կազմակերպություններին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսի բռնկումը պանդեմիա էր հայտարարել: Աշխարհի ավելի քան 150 երկրում մոտ 160 հազար մարդ է վարակվել, նրանց մեծ մասը առողջացել է, մահացել է ավելի քան 6 հազար մարդ: Իրանի իշխանությունների վերջին տվյալների համաձայն` կորոնավիրուսից մահացել է 853 մարդ, վիրուսով վարակման դեպքերի թիվը մոտենում է 15 հազարի:





























