Իրանի իշխանությունները որպես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառում ժամանակավորապես ազատել են ընդհանուր առմամբ 85 հազար բանտարկյալի: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմաիլին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այսօրվա դրությամբ ժամանակավոր արձակուրդ է տրվել 85 հազար բանտարկյալի»,- «Թասնիմ» գործակալության փոխանցմամբ՝ ասել է նա: Իսմաիլին հստակեցրել է, որ «այս միջոցառումը տարածվում է երկրի բոլոր նահանգների վրա»:

Փետրվարի 19-ին Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել էր երկրում նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքերի մասին: Վարակվածները հայտնաբերվել էին Ղում քաղաքում: Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ երկրում հիվանդացածների թիվը կազմում է 14 991, գրանցվել է մահվան ելքով նվազագույնը 853 դեպք: