Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ) ստեղծված է շուրջօրյա աշխատանքային խումբ երկու հիմնական հարց լուծելու համար՝ գների մոնիտորինգ եւ պաշարների մոնիտորինգ, ընդ որում հանրապետության ողջ տարածքում: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը:
Նրա խոսքով, գների մոնիտորինգն իրականացվում է հետեւյալ կերպ. Նախ ՊԵԿ-ից ամեն օր ստանում են տեղեկատվություն ՀԴՄ-ների, այսինքն փաստացի վաճառքների գների մասին, տնտեսվարողներից ստանում են գները, թե որքանով են վաճառում. «Իհարկե, մոնիտորինգ ենք անում խոշոր խաղացողներին: 1-2 օրվա ընթացքում օնլայն ռեժիմով կկարողանանք նաեւ հետեւել վաճառքի տվյալներին, գներին, ներմուծման արժեքներին, ինվոյսային գներին՝ առանց փաստաթղթաշրջանառության: Նաեւ մարզերում մոնիտորինգ ենք անելու հարաբերականորեն փոքր տնտեսվարողներին: Մեզ մոտ խնդիր չկա հանրապետությունում գների տոտալ վերահսկողություն իրականացնելու»,-ասաց Գեւորգյանը:
Ինչ վերաբերում է պաշարների մոնիտորինգին, ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ մոնիտորինգ են անում պաշարները, թե օրական որքան են դրանք սպառվում, որքան է մնում մնացորդում, որքան է ներմուծվում եւ այլն: «Այս պահին անհանգստացնող երեւույթներ չեն նկատվում: Միակ խնդիրը օրական սպառվող ֆիզիկական ծավալի ապահովումն է: Քանի որ երբեմն քաղաքացիների կողմից աբսուրդային քանակի գնումներ են կատարվում, այդ պահին պետք է կարողանան խմբաքանակը պահեստներից հասցնել խանութներ»,-ասաց նա:
ՏՄՊՊՀ նախագահը հավաստիացրեց, որ Հայաստանում ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, պանիրի, թթվասերի եւ նմանատիպ այլ ապրանքների խնդիր չկա. «Մենք 44 անուն ապրանք ենք մոնիտորինգ անում, ամենաշատը գնվել է նպարեղենը: Հիմա ճանապարհին կա բեռ, որ հասնում է Հայաստան, նաեւ պահեստներում կա, բայց էլի հորդորում եմ մեր քաղաքացիներին գնումներ անելիս մնալ խելամտության սահմաններում: Իհարկե, հասկանում ենք, որ մարդիկ խուսափում են ամեն օր խանութ գնալուց, բայց խանութներում հերթեր կուտակելն ավելի մեծ խնդիր է, քան 1-2 կտորով գնում կատարելը: Նաեւ հիշեք, որ այդ պարենային ապրանքները ունեն պիտանելիության ժամկետներ: Եթե մարդիկ գնում են 4 արկղ ձու, այդ ձուն ունի ժամկետ եւ իմաստ չունի այդքան միանգամից գնել: Գոնե ձվի մասով Հայաստանում ունենք պրոֆիցիտ, այսինքն ավելցուկ»,-ընդգծեց նա:











