Արցախում նախագահական ընտրություններում միասնական ֆավորիտ չկա, ուստի կարելի է  կանխատեսել երկրորդ փուլի անցկացում: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդուարդ Սարիբեկյանը:

Նրա խոսքով՝ պատճառը ոչ միայն այն է, որ ընտրողների ձայները կարող են հավասար բաշխվել  հիմնական թեկնածուների միջեւ՝ ի դեմս Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի եւ Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանի, այլ նաեւ նոր իրողությունները՝ հաշվի առնելով նաեւ տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացները:

«Այսպիսի պայմաններում Արցախի ընտրազանգվածը կարող է մինչեւ վերջ չկողմնորոշվել այն թեկնածուի հարցում, ում պատրաստ էին միաձայն տալ իր քվեն: Երկրորդ փուլում պատկերը կարող է փոխվել, երբ դուրս մնացած թեկնածուների ընտրազանգվածը իր ընտրությունը կատարի արդեն նրանց միջեւ, ովքեր կմնան մրցապայքարում»,- նշեց նա:

Փորձագետի կարծիքով՝ քարոզչությունը մինչեւ վերջ կընթանա կոռեկտության շրջանակում, չնայած կարող են նաեւ կիրառվել «սեւ փիառի» տեխնոլոգիաներ եւ սադրանքներ, սակայն ընդհանուր առմամբ առայժմ ստիպված չենք լուրջ սրացումների կանխատեսումներ կատարել:

«Դրանից բացի, որոշակի ռեսուրս կպահպանվի երկրորդ փուլի համար, բայց կոռեկտության սահմաններն անցնելը ձեռնտու չէ նաեւ իրենց՝ թեկնածուներին, քանի որ դա կբարդացնի ապագա նախագահի համար նախընտրական ծրագրի իրականացման խնդիրը»,- շեշտեց Էդուարդ Սարիբեկյանը:

Նա չբացառեց, որ քվեարկության երկրորդ փուլի ժամանակ կարող են որոշակի խմբեր ձեւավորվել, որոնք կփորձեն միմյանց հետ համագործակցել:

«Սակայն միասնական ընդդիմություն ձեւավորելու համար միասնական օրակարգ է պետք: Եվ քանի որ քաղաքական դաշտում նոր խաղացողներ եւ նոր գաղափարներ են հայտնվել, նրանց ժամանակ է պետք՝ համագործակցության ընդհանուր հիմք գտնելու համար»,- պարզաբանեց քաղաքագետը:

Նա նկատեց, որ նախկինում երբեք Արցախի ընտրություններում նման թվով թեկնածուներ չէին գրանցվել:

«Բնական է, որ դա հանգեցրել է նրան, որ քաղաքական դաշտում կարծիքներն ու դիրքորոշումները շատացել են: Դա խոսում է այն մասին, որ հասարակության մեջ կան նոր գաղափարներ եւ հայեցակարգեր, որոնք առիթ են տալիս ենթադրելու, որ ընտրություններից հետո կարող է «հետաքրքիր» ընդդիմություն ձեւավորվել: Դա կարեւոր նշանակություն ունի Արցախի ժողովրդավարացման տեսանկյունից»,- եզրափակեց Սարիբեկյանը:

Հիշեցնենք, որ Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են մարտի 31-ին: