Վրաց հասարակությանը Հայոց Ցեղասպանության ճանաչմանը պատրաստելու խնդիր կա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Թբիլիսիում Հայաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը` խոսելով  Վրաստանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հեռանկարների մասին:

Դեսպանը նշեց, որ այդ գործում  մեծ անելիք ունեն տեղի հայկական կազմակերպությունները:

«Մենք պետք է փորձենք վրաց հասարակության մոտ անընդհատ բարձրաձայնել հայոց ցեղասպանության հարցը` կարեւորությունը ֆիքսելով ցեղասպանությունների կանխարգելման վրա»,-ասաց դիվանագետը` հավելելով. «Կարծում եմ, որ ոչ միայն Վրաստանում, այլեւ որեւե այլ պետությունում, որտեղ ունենք սփյուռք, անկախ ներկայացվածությունից եւ քանակից, պարտավոր ենք հնարավորության դեպքում անպայման բարձրաձայնել այն դաժան իրողությունների մասին, որոնք տեղի են ունեցել մոտավորապես մեկ դար առաջ Օսմանյան Կայսրությունում»:

Նշենք, որ Վրաստանը Հայոց Ցեղասպանությունը չճանաչած երկրների ցանկում է: