Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի` Արցախ ներթափանցման ու տարածման ռիսկերը` «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը աջակցություն է հայտնում հանրապետության իշխանություններին:

Տարածված հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Գիտակցելով իրավիճակի բարդությունը` մեր քաղաքական դաշինքը հայտնում է իր պատրաստակամությունը` հնարավորինս աջակցելու պետական մարմիններին՝ արդյունավետ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու և պատշաճ քաղաքականություն մշակելու ու իրականացնելու գործում:

Դաշինքի անդամները պատրաստ են կամավորականության սկզբունքով ակտիվ ներգրավվելու հանրությանը իրազեկման և համապատասխան աջակցության ցուցաբերելու այլ աշխատանքներում:

Մեր քաղաքացիների կյանքը մեզ համար բացարձակ արժեք է: Վերահաստատում ենք  նաև, որ, իրավիճակից ելնելով, մեր կողմից դադարեցված է փակ տարածքներում նախընտրական քարոզարշավի անցկացումը:

Առողջություն և ողջախոհություն բոլորիս»: