Ավստրալիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածման պատճառով մտադիր է ամբողջությամբ արգելել օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր: Ինչպես հինգշաբթի հայտարարել է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը, արգելքը կառավարության կողմից կհաստատվի այս երեկո եւ ուժի մեջ կմտնի մարտի 20-ին` տեղական ժամանակով 21: 00-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր երեկոյան մենք որոշում կկայացնենք մի դրությանն անցման մասին, երբ մուտքի արգելք կսահմանվի բոլոր նրանց համար, ով Ավստրալիայի քաղաքացի կամ մշտական բնակիչ չէ: Սա (դրությունը) ուժի մեջ կմտնի վաղը երեկոյան 21:00-ից»,- ասել է Մորիսոնը Կանբերայում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Վարչապետը նշել է, որ «Ավստրալիայում հայտնաբերված բոլոր դեպքերի մոտ 80 տոկոսը կամ արտասահմանում վիրուսով վարակման», կամ Ավստրալիայի սահմաններից դուրս վարակակիր մարդկանց հետ շփումների արդյունքն է: «Ավստրալիայում դեպքերի ճնշող մեծամասնությունը ներկրվել է արտասահմանից: Մեր կողմից ձեռնարկված միջոցները, հավանաբար, ազդել են դրա վրա, եւ սա (Ավստրալիա մուտքի արգելքը) եւս մի միջոց է»,  ընդգծել է Մորիսոնը:

Ավստրալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 600 դեպք: Վարակվածների ամենամեծ թիվը` 307 մարդ, գրանցվել է Սիդնեյում: Երկրում շուրջ 2 հազար պացիենտ սպասում է վիրուսի թեստի արդյունքներին: Առաջին հիվանդի ախտորոշումը հաստատվել է Մելբուրնում հունվարի 25-ին: Մինչ օրս առողջացել է 25 մարդ, վեցը մահացել է: