Ռուս Ուղղափառ եկեղեցին կողմ է, որպեսզի Ռուսաստանում բացվեն ընթերցանության եւ հետաքրքիր քննարկումների համար նախատեսված բազմաթիվ գիշերային ակումբներ։ Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», այս մասին հայտնել է Ռուս Ուղղափառ եկեղեցու սինոդի հասարակության եւ եկեղեցու հարաբերությունների հարցերի պատասխանատու, Վսեվոլոդ ավագ քահանա Չապլինը։
Ըստ քահանայի՝ այդ գիշերային ակումբների հայեցակարգը ուղղված է այն մարդկանց, որոնց հետարքրում է ընթերցանությունը, մտքերի փոխանակումը, մտորումը։ «Իրականում գիշերային ակումբը պարտադիր չէ, որ սեռական ամենաթողության, թմրամոլության եւ հարբեցողության վայր լինի»,- նշել է Չապլինը:
Նա ընդգծել է, որ բազմաթիվ երիտասարդներ գիշերները անցկացնում են արթուն, եւ նրանց համար քաղաքում այնպիսի գիշերային վայրեր պետք է լինեն, որտեղ նրանք կկարողանան շփվել, մասնակցել քննարկումների եւ պարզապես հանգիստ մթնոլորտում թեյել։




























