96 տարի առաջ Սեւ ծովում նահատակված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ապրիլի 24-ին ծովի ալիքներին կհանձնեն ծաղիկներ եւ ծաղկեպսակներ։

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» տեղեկատվական կենտրոնը, այս մասին հայտնել է «Համշեն» հայկական մշակույթի միության նախագահ Օլգա Փաշյանը։ Ըստ նրա՝ ապրիլի 24-ին Ռուսաստանի Տուապսե քաղաքում Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ տեղի կունենա «Հիշողություն՝ ընդդեմ մոռացության» միջոցառումը, որի ավարտին մասնակիցները ծաղիկները կհանձնեն ծովի ալիքներին։

Նշենք, որ 1915թ Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ, Սեւ ծովի առափնյա շրջաններում ապրող հայերին տեղահանել են, նավերով տարել ծովի խորքն ու խեղդել ծովում։