Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի նախօրեին Արգենտինայի խորհրդարանի վերին պալատը` սենատորներ Դանիել Ֆիլմուսի, Ռուբեն Ժուստինիանիի, Էրնեստո Սանսի եւ Սոնիա Էսկուդերոյի նախաձեռնությամբ ընդունել է հայտարարություն, որով կրկին անգամ դատապարտում է Մեծ եղեռնի հեղինակներին:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ փաստաթղթում մասնավորապես ասվում է, թե «ապրիլի 24-ի նախօրեին, երբ լրանում է 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում մարդկության դեմ գործած այդ հանցագործության 96–րդ տարելիցը, Ազգային սենատը վերահաստատում է իր որոշումը` ապրիլի 24-ը հռչակել «Հանդուրժողականության եւ ազգերի միջեւ հարգանքի օր»` ի հիշատակ հայ ժողովրդի դեմ գործած ցեղասպանության»:
Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ «Ազգային սենատը դատապարտում է ՄԱԿ-ի 1948 թ. «Ցեղասպանության կանխարգելման եւ պատժի մասին» համաձայնագրով նախատեսված ցեղասպանության բոլոր ձեւերն ու անհանդուրժողականության եւ ցեղասպանության ժխտմանն ուղված բոլոր դրսեւորումները եւ իր համերաշխությունն է հայտնում արգենտինահայ համայնքի հետ»:





























