Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն Լոս Անջելեսում 3 օր տեւած լարված բանակցություններից հետո չեն կարողացել կարգավորել Կորեական թերակղզում ամերիկյան զորքերի տեղակայման ծախսերի բաշխման խնդրի հետ կապված տարաձայնությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի ԱԳՆ-ին:

Արտաքին քաղաքականության գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ պատվիրակությունների ղեկավարներ Չոն Ըն Բոն եւ Ջեյմս Դեհարթը պայմանավորվել են խորհրդակցությունները շարունակել, որ նվազագույնի հասցնեն համապատասխան համաձայնագիր չկնքելու բացասական հետեւանքները: Կողմերը նշել են փոխընդունելի պայմանավորվածություններին արագ հասնելու անհրաժեշտությունը:

Մեծ հավանականությամբ, բանակցությունների ձախողումը կհանգեցնի նրան, որ ամերիկյան բազաների հարավկորեացի աշխատակիցները ապրիլին կուղարկվեն չվճարվող արձակուրդի: Ամերիկյան կողմը բազմիցս նախազգուշացրել է, որ համաձայնագիր չունենալու պարագայում անհնար է լուծել նրանց աշխատավարձի հավելագրման հարցը:

Բանակցությունների գնալիս հարավկորեացի ներկայացուցիչները հույս ունեին այս հարցը հիմնական համաձայնագրից առանձին քննարկել: Սակայն ԱՄՆ Պետքարտուղարությունը չի փոխել համատեղ պաշտպանությանն առնչվող բոլոր խնդիրների համատեղ քննարկման անհրաժեշտության վերաբերյալ իր նախկին դիրքորոշումը: Բանակցությունների հաջորդ փուլի օրը չի նշանակվել:

Հարավկորեական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Վաշինգտոնը Սեուլից պահանջում է 4 մլրդ դոլար այս տարի Կորեական թերակղզում իր զորքերը պահելու ծախսերը մարելու համար: Չնայած սա շուրջ 1 մլրդ դոլարով քիչ է, քան ամերիկյան կողմը խնդրում էր նախկինում, Հարավային Կորեայում այս գումարը չափից ավելի մեծ են համարում:

Այս տարվա հունվարին անարդյունք էր ավարտվել Կորեական թերակղզում ամերիկյան զորակազմի պահման ծախսերի բաշխման հարցով բանակցությունների 6-րդ փուլը: Նախորդ համաձայնագրի գործողության ժամկետը լրացել է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին:

Վաշինգտոնը 2018 թվականից Սեուլից պահանջում է Հարավային Կորեայում ԱՄՆ զորակազմի պահման վճարումների մեծացում: 2019 թվականին համատեղ պաշտպանության համար հարավկորեական ծախսերը մեծացել էին 8,2 տոկոսով՝ հասնելով մինչեւ 1,04 տրլն վոնի (915 մլն դոլարի): 2019 թվականի նոյեմբերին հաղորդվում էր, որ Վաշինգտոնը Սուլից պահանջել է վճարումները գրեթե 5 անգամ մեծացնել՝ հասցնելով մինչեւ 4,7 մլրդ դոլարի:

ԱՄՆ զորքերը Հարավային Կորեայում են գտնվում 1950-1953 թվականների Կորեական պատերազմի տարիներից: Դրանց գտնվելու պայմանները կարգավորվում են համաձայնագրով, որը երկու երկրները ստորագրել են 1950 թվականի հունվարի 26-ին: