Սիրիայի ոստիկանությունն այսօր` ապրիլի 23-ին Դամասկոսի արվարձաններից մեկում` Դումայում կրակ է բացել թաղման թափորի ուղղությամբ, քանի որ հուղարկավորության արարողության մասնակիցներն սկսել են իշխանություններին տապալելու կոչեր հնչեցնել: Ստացվող լուրերի համաձայն, սպանվել է 3 ցուցարար, շատերը վնասվածքներ են ստացել:
Ոստիկանները զենք են կիրառել նաեւ Դամասկոսից հարավ գտնվող Էզրաա բնակավայրում` ամբոխին ցրելու համար: Այդ քաղաքում սպանվածների ու վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան:
Իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են, որ անվտանգության ուժերը թույլ չեն տվել, որպեսզի Սիրիայում հուզումների աղբյուր հանդիսացող Դերաա քաղաքի բնակիչները մուտք գործեն Էզրաա:
Հարյուրավոր մարդիկ փորձել են Էզրաա մտնել ավտոբուսներով, որպեսզի մասնակցեն թաղման արարողությանը, սակայն նրանց կանգնեցրել են ժանապարհին տեղակայված անցակետերում:
Էզրաայում ոստիկանների գործողությունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 21-ի, տասնյակ մարդիվ վիրավորվել են:
Երկրի մայրաքաղաքի մոտ գտնվող Ռիֆի շրջանում, ըստ բժշկական աղբյուրների, ոստիկանների գնդակներից մահացել է 46 ցուցարար, հարեւան Հոլմսում` 16 մարդ:
Իրավապահները ենթադրում են, որ «արյունոտ ուրբաթ» անունն ստացած բախումների զոհերի թիվը անցնում է 100-ից, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:





























